National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.04.2011
Ոստիկանության ոլորտի բարեփոխումներին վերաբերող խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
1 / 3

Ապրիլի 27-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցան «ՀՀ ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ոստկանության, ազգային անվտանգության, դատախազության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների, հասարակական, միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների   ներկայացուցիչներ:

Բացման խոսքում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հիշեցրեց, որ այս թեմայով սրանք երկրորդ խորհրդարանական լսումներն են, հետայսու եւս դրանք պարբերաբար կհրավիրվեն` ծանոթացնելու ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքին եւ ներկայացնելու համապատասխան առաջարկներ: Նա տեղեկացրեց նաեւ, որ հանձնաժողովը ակտիվորեն համագործակցում է ոստիկանության հետ ոչ միայն բարեփոխումներին նպաստող անհրաժեշտ օրենսդրական դաշտ ապահովելու գործում, այլեւ ոստիկանության ղեկավարության  հետ մշտապես քննարկվում է ոստիկանության համակարգում քաղծառայության ներդրման, ոստիկանության հենակետերի ստեղծման, նոր անձնագրային համակարգի ներդրման, թմրամիջոցների տարածման, կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ իրականացվող աշխատանքների ընթացքը: Պարոն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին  համակարգի բարեփոխումներին, հատկապես Երեւանում ոստիկանության հենակետերի ստեղծման աշխատանքներին աջակցելու համար:

Միաժամանակ նա հույս հայտնեց, որ  բարեփոխումների արդյունքում կամրապնդվի ոստիկանության նկատմամբ հասարակության վստահությունը եւ դրական վերաբերմունքը:

Ոստիկանության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Նա տեղեկացրեց, որ ոստիկանության բարեփոխումների ծրագիրը ՀՀ կառավարության կողմից ընդունվելուց հետո մեկնարկել է 2010 թ. մայիսից եւ  աշխատանքների ընթացքը իրենք պարբերաբար ներկայացնում են ՀՀ Ազգային ժողովին, կառավարությանը եւ անվտանգության խորհրդին: Այն մշտապես ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում է: Բացի պետական մարմիններից իրենք համագործակցում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, տարբեր այլ միջազգային կազմակերպությունների, դեսպանատների ու հասարակական կազմակերպությունների հետ:

Բանախոսը տեղեկացրեց, որ ծրագիրը ունի 11 ուղղություններ եւ 200 միջոցառումներ: Նա անդրադարձավ կառուցվածքային բարեփոխումներին, քաղաքացիական հատուկ ծառայության ներդրմանը, ոստիկանական հենակետերի ստեղծման ճանապարհով համայնքային ոստիկանության զարգացման խնդիրներին, տեսադիտարկման համակարգի ներդրման ծրագրին, կրթական բարեփոխումներին,  կադրերի վերապատրաստմանը, ճանապարհային ոստիկանության բարեփոխումներին, ոլորտի օրենսդրական բարեփոխումների ընթացքին, տեխնիկական միջոցների ներդրմամբ ճանապարհային ոստիկան-վարորդ կապի նվազեցման խնդիրներին, վարորդական իրավունքի համար նախատեսվող քննությունների անցկացման եւ վարորդական վկայականների տրամադրման կարգին, քաղաքացիների ազատություններին ու իրավունքներին ուղղված բարեփոխումներին, նոր անձնագրային համակարգի ներդրմանը, քաղաքացիություն տալուն առնչվող փաստաթղթաշրջանառության պարզեցմանը, ոստիկանների սոցիալական-իրավական պաշտպանության, թրաֆիքինգի, թմրանյութերի տարածման դեմ,  կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ծրագրերին:

Բանախոսը պատասխանեց նաեւ բարեփոխումներին առնչվող բազմաթիվ հարցերի:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան, կարեւորելով իրականացվող բարեփոխումները, հավաստիացրեց, որ իրենց կազմակերպությունը շարունակելու է համագործակցել ՀՀ Ազգային ժողովի եւ ոստիկանության հետ: Նա ողջունեց ծրագրերի իրականացման աշխատանքներում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը:

«Աքիլլես» հասարակական կազմակերպության ղեկավար Էդվարդ Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ ճանապարհային ոստիկանության ոլորտում առկա հիմնախնդիրներին եւ դրանք շտկելու ճանապարհներ մատնանշեց կոնկրետ առաջարկներով:

Եզրափակիչ ելույթում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ակտիվ քննարկումների համար, գոհունակությամբ արձանագրեց, որ այս կարճ ժամանակահատվածում ոստիկանության համակարգում կատարվել են զգալի բարեփոխումներ եւ համոզմունք հայտնեց, որ ոլորտում  առկա շատ  թերացումներ կշտկվեն եւ  խնդիրները  լուծում կստանան համատեղ, հետեւողական աշխատանքի արդյունքում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am